28 հոկտեմբերի 2022 - 16:57 AMT
Պուտին․ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարելի է հասնել միայն եռակողմ հայտարարությունների կատարմամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովման հնարավոր կլինի հասնել պայմանավորվածությունների երկուստեք հետևողական կատարման արդյունքում։

«Անկասկած, խաղաղութան տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը ենթադրում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտնի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղորեն կատարումը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման մասին է։

«Մենք ՀՀ վարչապետի հետ էլ ենք այդ մասին շատ խոսել, և, ինչպես հասկանում եմ, մեր գործընկերը լիովին համամիտ է դրան։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները, այդ ամենը հեշտ չէ, բայց գտնել դրանք կարելի է միայն այդ ճանապարհին։ Հետագայում դա թույլ կտա հասնել խաղաղ պայմանագրի կնքմանը»,-ասել է Պուտինը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է նաև, որ ՌԴ-ն ավանդաբար և պատմականորեն միշտ ուշադրությունէ դարձրել կայունությանը կովկասյան ուղղությունում և աջակցել է հայ ժողովրդին ու նրա անվտանգությանը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների համակողմանի և համապարփակ կարգավորման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլորին հասկանլի է, բոլորի համար ակնհայտ է՝ և Ադրբեջանը, և Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, բոլորը մեկ միասնական պետության մաս են եղել։ Մենք հսկայական քանակի կապեր ունենք և Երևանի, և Բաքվի հետ և դա հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ»,-ասել է Պուտինը։

Ըստ նրա, վիճակը և Հայաստանում, և Ադրբեջանում բավականին բարդ է, և ՌԴ-ն շահագրգռված է, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

Photo. TASS