11 նոյեմբերի 2022 - 11:03 AMT
ԱԽ քարտուղարը նիդերլանդցի պաշտոնյաներին ներկայացրել է խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը

Նոյեմբերի 10-ին Նիդերլանդներ այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է այդ երկրի վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ:

ԱԽ գրասենյակի հաղորդմամբ, կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Գրիգորյանը ներկայացրել է մի կողմից տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրության վերաբերյալ: