11 նոյեմբերի 2022 - 13:40 AMT
Ըստ Ալիևի, Պրահայի ու Սոչիի հայտարարություններն անցյալում են թողել ԼՂ հակամարտությունը

ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները Պրահայի ու Սոչիի հայտարարություններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ այդպիսով, ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է անցել։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ համագումարում։

Նա նաև մեղադրել է ՀՀ-ին սեպտեմբերին «ռազմական սադրանքի» կազմակերպման մեջ, ու հայտարարել, իբր, Բաքուն «ստիպված էր» հակահարձակում կազմակերպել, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Ալիևի գնահատականով, ադրբեջանական զորքերը դիրքեր են զբաղեցրել «հարազատ հողում»։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ադրբեջանցիները Ջերմուկին մինչև 4․5 կմ հեռավորության վրա են մոտեցել, իսկ ընդհանուր առմամբ, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի գնահատականով, 2021-2022 թվականներին օկուպացվել է ՀՀ մոտ 127 քկմ տարածք։