19 նոյեմբերի 2022 - 13:20 AMT
FIBA-ի վարկանիշային աղյուսակը գլխավորել է Իսպանիան․ ՀՀ-ն բարելավել է դիրքը

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) վարկանիշային աղյուսակը տղամարդկանց հավաքականների ցուցակում գլխավորել է Իսպանիայի հավաքականը։

Իսպանացիներին հաջողվել է շրջանցել ԱՄՆ-ի թիմին, որն առաջատարն էր ավելի քան 12 տարի՝ դառնալով պատմության մեջ միայն երկրորդ թիմը, որը գլխավորում է վարկանիշը 2010 թվականից ի վեր, գրում է Galatv-ն։

Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը մեկ տեղով՝ 88-ից բարձրանալով 87-րդ հորիզոնական։

ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիան՝ 758,6 միավորով, իսկ ամերիկացիները 757,5 միավորով նահանջել են երկրորդ հորիզոնական։

Լավագույն 10-ում մնացած դիրքերը մնացել են անփոփոխ՝ Ավստրալիա, Արգենտինա, Ֆրանսիա, Սերբիա, Սլովենիա, Լիտվա, Հունաստան և Իտալիա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2023 թվականի հունիսին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: