21 նոյեմբերի 2022 - 17:59 AMT
Անհետ կորածների հարազատները պաստառներով ծածկել են Եվրատեսիլի գովազդները

Գերեվարվածների և անհետ կորածների հարազատները Հանրապետության հրապարակում իրենց պահանջները ներկայացնող պաստառները փակցրել են Եվրատեսիլի գովազդային վահանակների վրա, հայտնում է «Փաստինֆոն»։

Դրանց մի մասը ռուսալեզու պաստառներ են, որոնցով կոչ է արվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «օգնել վերադարձնել իրենց երեխաներին», մեկ այլ պաստառի վրա գրված է՝ «Թույլ մի տվեք, որ հայ-ռուսական բարեկամությունը խաթարվի», «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից»։ Կան նաև անգլալեզու պաստառներ։

Անվտանգության աշխատակիցները փորձել են հանել պաստառները, սակայն գերիների ու անհետ կորածների ծնողները թույլ չեն տվել՝ նշելով, որ երկրի համար ամենակարևոր խնդիրը գերիների ու անհետ կորածների հարցն է։

44-օրյա պատերազմում գերեվարված և պատերազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել, որից հետո երթով հասել են կառավարության շենքի մոտ։ Հարազատների խոսքով՝ պետական ու միջազգային կառույցներն ուղղակի լռում են ու ոչինչ չեն հայտնում։