23 նոյեմբերի 2022 - 12:24 AMT
Սեմերիկով․ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին առանձին կքննարկվի ՀԱՊԿ գագաթնաժողովում

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այսօր այդ թեման առանձին հարցով կքննարկվի նախարարների և պետությունների ղեկավարների մակարդակով, ուստի եկեք սպասենք արդյունքներին»,–ասել է Սեմերիկովը:

Նրա խոսքով՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվել և նախարարների մակարդակով հայտարարություն կարվի։

Հարցին, թե ինչպես է նա գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, Սեմերիկովը պատասխանել է, որ այն համապատասխանում էր ճգնաժամային արձագանքման դրույթին:

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։

ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։