23 նոյեմբերի 2022 - 18:18 AMT
Բաբայան. Այս պահին միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը

ԱՀ նախագահի հրամանագրով Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատված Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության փոփոխություններն օբյեկտիվ բնույթ են կրում և որ այս պահին միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը։

«Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։

Դրա համար պետք է հանգիստ վերաբերվել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։

Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։ Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն պաշտոններից ազատվել են մի շարք նախարարներ, այդ թվում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նա նշանակվել է արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: