Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի հետ առճակատման մասին՝ նշելով, թե աշխատել է այդ երկրի նախկին 3 նախագահի հետ և երբեք իրավիճակն այսօրվանին նման չի եղել։
«Ես աշխատել եմ Իրանի 3 նախկին նախագահի՝ Հաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ, և այդ երկար տարիների ընթացքում երբեք իրավիճակն այսօրվանին նման չի եղել։ Երբեք Իրանը մի քանի ամսում 2 զորավարժություն չի անցկացրել մեր սահմանների մոտ։ Երբեք Ադրբեջանի հասցեին այդքան սպառնալիքներ և ատելությամբ լի հայտարարություններ չեն արվել»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի վախենում Իրանից, գրում է Haqqin/az-ը։
Ալիևն այդ մասին ասել է «Միջին միջանցքի երկայնքով. սշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում։
Նա ասել է, թե Բաքուն միշտ պատասխանել և պատասխանելու է «հակաադրբեջանական քայլերին»։
«Մենք ստիպված էինք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցուցադրելու համար, որ չենք վախենում նրանցից»,-ասել է նա։
Ալիևը նաև հավելել է, թե ամեն ինչ անելու են` պահպանելու համար Ադրբեջանի և ադրբեջանցիների «աշխարհիկ զարգացումը, այդ թվում Իրանում ապրող ադրբեջանցիների»։
«Նրանք մեր ազգի մասն են»,-ասել է Ալիևը։
Թեհրան–Բաքու առճակատումը վերջին ամիսներին դրսևորվում է ոչ միայն զորավարժությունների տեսքով, այլ նաև տեղեկատվական առումով։ Ադրբեջանական հեռուստաալիքները տարածքային հավակնություններ են ներկայացնում Իրանին, Ադրբեջանում 5 քաղաքացու են ձերբակալել՝ մեղադրելով Իրանի օգտին լրտեսություն անելու, պետական դավաճանության մեջ: Իրանի մեջլիսում հայտարարել են, որ «եթե Գյուլիստանի պայմանագիրը չկատարվեր, Ադրբեջանը կլիներ Իրանի մի մասը, և նա չէր կարող դառնալ այդ երկրի նախագահը»։ Թյուրքական երկրների նախագահների գագաթնաժողովում Ալիևը պատմել էր 40 միլիոն ճնշված ադրբեջանցիների մասին՝ նկատի ունենալով Իրանի տարածքի ադրբեջանցիներին:
Ընթերցեք նաև․ Իրան–Ադրբեջան առճակատում՝ տարածքային պահանջներով և լրտեսական սկանդալով