Եվրամիության խորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում բանաձև է ընդունել Բելառուսում իրավական իրավիճակի վերաբերյալ։ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա հետ փոխկապակցված անձինք պատասխանատվություն են կրում Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար և պետք է կանգնեն միջազգային տրիբունալի և Միջազգային քրեական դատարանի առջև։
Բանաձևով նաև կոչ է արվում Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին լրամշակել իրավական մեխանիզմը, որը թույլ կտա առգրավել սառեցված ակտիվները, այդ թվում՝ Լուկաշենկոյի, նրա ընտանիքի և մերձավորների ակտիվները, գրում է Deutsche Welle-ն։
Առաջարկվել է այդ միջոցներն ուղղել Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին և ժողովրդավարական ընդդիմության ներկայացուցիչներին։
Եվրախորհրդարանը, ինչպես և Եվրամիությունը և անդամ երկրները, չեն ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ։