Նոյեմբերի 20-22-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ մասնակցել է Սոչիում կայացած «Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումին: Դրա շրջանակում «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հետ հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է ատոմային ոլորտում հայ-ռուսական երկարամյա գործակցության արդյունավետությունը, նախանշվել են ընդլայնման հեռանկարները:
Հայկական պատվիրակությունը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, ֆորումի լիագումար նստաշրջանին, այցելել ցուցահանդեսային տաղավարներ, որտեղ ցուցադրվել են նոր տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, արծարծվել են ոլորտային մի շարք հարցերի նոր առաջարկներ ու լուծումներ: Առավել հետաքրքիր ցուցանմուշների վերաբերյալ ձեռք են բերվել տեխնիկական, տեխնոլոգիական և կոնտակտային տվյալներ՝ հետագա քննարկման և գնահատման համար:
«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ ղեկավարության հետ քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր. թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումների քննարկումն ու համաձայնեցումն, ըստ պայմանավորվածության, կշարունակվի հետագա հանդիպումների ընթացքում:
Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ի ղեկավարները հանդիպել են նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ն. Սպասկիի հետ և քննարկել ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների հնարավոր կառուցման վերաբերյալ հարցեր:
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարտիրոսյանը, որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է ասոցիացիայի պլանային աշխատանքներին, իսկ «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պետրովի հետ կայացած աշխատանքային հանդիպմանը հանդես է եկել «ՇԿՀԱ-ի Կառավարիչների խորհրդի նախագահի դերի տեսլականը ընթացիկ փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում» զեկույցով:
Կազմակերպվել են նաև հանդիպումներ «ՏՎԷԼ» ԲԸ ղեկավարության հետ, համաձայնեցվել են մի շարք գործնական քայլեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: