7 դեկտեմբերի 2022 - 18:17 AMT
Փաշինյան․ Մոսկվայում երկաթուղու հարցով որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը, ասել է, որ երկաթուղու հարցով որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել։

«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ–Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը։ Ցավոք, չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք»,–ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի առաջարկը մնում է ուժի մեջ՝ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության համապատասխան։

«Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները։ Ճանապարհների մասով էլ պատրաստ ենք հայտնի 3 անցակետը բացել և նոր ճանապարհային ենթակառուցվածքներ ստեղծել»,–ասել է Փաշինյանը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստում քննարկվել են ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման հարցը, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ կապված հարցեր։ Նշվել է, որ կողմերը կշարունակեն աշխատել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։