Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը։
Ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և ավարտել է հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցությամբ։
Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։
Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:
Համաշխարհային պրեմիերան կայացել է 2020-ի հոկտեմբերի 21-ին՝ Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ:
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ». այսպես է ներկայացնում ռեժիսորին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը՝ New York Film Festival-ը:
«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան կայացել է New York Film Festival-ի փառատոնում, հանրահայտ Lincoln Center-ում:
Վերջինիս հաջորդել է եվրոպական պրեմիերան Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային համար մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն արժանացել է նաև Life Achievement Award հատուկ մրցանակի։ Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշում է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար:
Վերջերս ֆիլմը ցուցադրվել է նաև Վենետիկի կինոփառատոնի շրջանակում: