17 դեկտեմբերի 2022 - 16:43 AMT
Թաթոյան․ Երկարաժամկետ երաշխիքներ են պետք՝ Բաքուն մի անգամ փակել է ճանապարհը, երկրորդն էլ է փակելու

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջնահերթ պետք է լուծվի Արցախը ՀՀ հետ կապող միակ ճանապարհի ապաշրջափակման հարցը։

Նա հավելել է, որ անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ, որովհետև Ադրբեջանը մեկ անգամ փակել է, երկրորդ անգամ էլ է փակելու, գրում է «Փաստինֆոն»։

«Ոտքը տեղ է արել, պնդացրել է և ակնհայտ է, որ անպատժելիությունից ոգևորված կրկին նման սադրանքներ է անելու»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։