ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման մեկնարկին ասել է, որ նախօրեին` դեկտեմբերի 26-ին, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ զրույցը։
«Մենք դեռ երեկ ենք սկսել խոսակցությունը, հաջողվեց երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցն իրավիճակի կարգավորումն է Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջնական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը՝ դիմելով Փաշինյանին, գրում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ղեկավարը նաև խոսել է ՀՀ հետ տնտեսական հարաբերություններից՝ նշելով, որ այդ ոլորտում իրավիճակը շատ դրական է զարգանում։
«Ընթացիկ տարվա 10 ամսում ապրանքաշրջանառության 73 տոկոս աճ է գրանցվել։ Սա լավ արդյունք է»,-ասել է նա։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին ասել է, որ Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ, և անհրաժեշտ է խնդրի լուծման ուղիներ որոնել։