Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպի H1N1 ենթատեսակը («խոզի գրիպ»), անգամ արդեն մահվան 2 դեպք է գրանցվել՝ այս վիրուսով պայմանավորված։
«Խոզի գրիպի» ախտանշանները նման են գրիպի այլ տեսակների դրսևորումներին, սակայն, ըստ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի, այն առավել շատ խոցում է երեխաներին, գրում է «Առավոտը»։
H1N1-ի բնորոշ ախտանշաններն են՝ ջերմություն, բայց ոչ բոլոր դեպքերում, դող, հազ, կոկորդի ցավ, հարբուխ, քթի փակվածություն, արցունքոտվող, կարմրած աչքեր, մարմնի ցավ, գլխացավ, հոգնածություն, փորլուծություն, սրտխառնոց և փսխում։
Գրիպի ախտանշանները դրսևորվում են վիրուսի հետ շփումից հետո մոտավորապես 1-3 օրվա ընթացքում։
H1N1-ով հիվանդանալու դեպքում պետք է դիմել բժշկին, եթե կա հղիություն կամ առկա են քրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, թոքերի, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, դիաբետ և այլն, եթե պացիենտը 65-ից բարձր տարիք ունի, քանի որ այդ դեպքերում գրիպի բարդացման հավանականությունը մեծ է։
Երեխաների դեպքում անհետաձգելի բժշկական օգնության է պետք դիմել, եթե առկա են հետևյալ ախտանշանները՝ դժվարաշնչություն, կապտավուն շրթունքներ, ցավ կրծքավանդակի շրջանում, ջրազրկում, մկանային ուժեղ ցավեր, ցնցումներ։
H1N1-ի բարդացումները կարող են առաջացնել քրոնիկ հիվանդությունների սրում, թոքաբորբ, նյարդաբանական ախտանշաններ՝ գիտակցության խանգարումից մինչև ցնցումներ, շնչառական խանգարումներ և այլն։
Հակավիրուսային դեղամիջոցները պետք է ընդունել միմիայն բժշկի ցուցումով՝ վիրուսների դեղակայունության զարգացումը կանխելու համար։