9 հունվարի 2023 - 11:23 AMT
ՀՀ կայցելի Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն կայցելի Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Սուրբ ծննդյան տոների այս շրջանում չեմ դադարում մտածել հայերի մասին, որոնց ուղարկում եմ իմ հույսերն ու խաղաղության մաղթանքները։ Հաջորդ շաբաթ կայցելեմ Հայաստան»,- ասվում է հունվարի 7-ին հրապարակված գրառման մեջ։

ՀՀ այցելության ժամանակ Ֆրանսիայի ԱԺ նախագահին կուղեկցեն Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Վալերի Ռաբոն, Ժան Լուի Բուրլանժեն, Անն Ժենետը, Անն-Լորանս Պետելը։

Այցի նպատական է վերահաստատել Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։