10 հունվարի 2023 - 10:22 AMT
ԱԳՆ խոսնակ․ Ադրբեջանը դեռ չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշել է Հունանյանը։

Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու 10-րդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեռ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները: Երևանը նաև առաջարկներ է ուղարկել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Բաքուն դեռևս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանից փոխանցված առաջարկներին։