20 ապրիլի 2009 - 15:21 AMT
Հայաստան. Ապրիլին ՀԴՄ կտրոններով1294 շահող ստացել է պարգեւավճար եւ բոնուս
Հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններով անցկացված երրորդ` ապրիլի 3-ի վիճակահանության արդյունքում 1294 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգեւավճարը եւ բոնուսը` շուրջ 10 մլն 600 հազար դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը:

Հաղորդման համաձայն, շահումը ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առեւտրային 18 բանկեր:

Ապրիլի 18-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 1085, 20 հազար դրամ` 181 քաղաքացի եւ 6 թվի համընկնմամբ 50 հազար դրամ է շահել 28 քաղաքացի:

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել հանրապետությունում ապրիլի 1-ից ՀԴՄ կտրոններով լրացուցիչ դրամական գումարների տրամադրման բոնուսային համակարգի նոր մեխանիզմի կիրառման շուրջ:

Երեք ամսվա ընթացքում ավելի քան 100 000 դրամ ընդհանուր գումարի չափով 50 կտրոն հավաքած եւ ներկայացրած քաղաքացին կստանա 2500 դրամի չափով բոնուսի իրավունք, իսկ 6 մլն դրամ ընդհանուր գումարի չափով 1000 կտրոն ներկայացնելու դեպքում` 200 000 դրամ:

ՀԴՄ կտրոններով խաղարկությունը Հայաստանում անցկացվում է 2009 թվականի հունվարի 1-ից` ստվերային շրջանառության կրճատման եւ սուբյեկտներին միասնական հարկային դաշտ ներգրավելու նպատակով: Ներկայումս Հայաստանի առեւտրի կետերում հաստատվել է շուրջ 45 հազար ՀԴՄ; ՀԴՄ կտրոններով խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է 115 մլն դրամ, որոնք կարող է ստանալ 10 հազար հաղթող: