18 հունվարի 2023 - 17:19 AMT
Լավրով․ Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչները հանդիպել են՝ կարծում եմ, Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի։

«Երեկ-նախօրեին հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նաև ասել է, թե ՌԴ զինվորականներն ուսումնասիրում են Ադրբեջանի այն պնդումը, թե Հայաստանը Լաչինի միջանցնքն օգտագործում է ականների տեղափոխման համար։

Նա հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պետք է ազատ լինի քաղաքացիների և բեռների տարանցման համար, և առանձին նշված է, որ այդ երթուղիով ռազմական բեռներ չպետք է տեղափոխվեն։

Լավրովն ասել է, որ ռուսական կողմը շատ պարզ բան է առաջարկել՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը լիազորված է վերահսկել երթևեկությունը միջանցքով և ունի բոլոր հնարավորությունները ստուգելու տրանսպորտային միջոցները՝ արգելված, ոչ քաղաքացիական ապրանքների հայտնաբերման առումով։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։