19 հունվարի 2023 - 16:17 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքել է Լաչինի միջանցքի հարցում Բաքվի նկատմամբ «միջազգային երկակի ստանդարտներից»

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողների հետ զրույցում բողոքել է Լաչինի միջանցքի փակման հարցում մի շարք միջազգային կազմակերպությունների ու երկրների «երկակի ստանդարտներից»։

«Ցավոք, ինչպես 90-ականներին, այսօր էլ այն բանի վկաներն ենք, թե ինչպես են երկակի ստանդարտներ կիրառվում Ադրբեջանի նկատմամբ»,-ասել է Խալաֆովը, գրում է APA-ն։

Նշելով, որ բնապահպան ակտիվիստները և հասարակական կազմակերպությունների անդամները հանքավայրերի ապօրինի շահագործման բողոքի ակցիա են իրականացնում՝ նա միևնույն ժամանակ «բացահայտել է», որ նպատակը Լաչինի միջանցքում վերահսկողություն հաստատելն է։

«Ակցիան անցկացվում է Ադրբեջանի հողերի վրա, և անկախ երկակի ստանդարտներից, Ադրբեջանի ժողովուրդը պահանջելու է իր իրավունքներն ու հասնելու է իր նպատակին։ Ադրբեջանը, որպես իր տարածքների անվտանգության երաշխավոր, բոլոր իրավունքներն ունի ապահովելու Լաչինի ճանապարհի լիակատար վերահսկողությունը, մեր ինքնիշխան իրավունքներին համապատասխան։ Այդ ակցիան հասարակական-քաղաքական շարժում է»,-ասել է Խալաֆովը։

Եվրախորհրդարանը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը և խստորեն դատապարտել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։