19 հունվարի 2023 - 19:07 AMT
Չավուշօղլու․ Բլինքենն ասաց` Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպմանը վերահաստատել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա։

«Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- նշել է Չավուշօղլուն, հայտնում է Ermenihaber-ը։

Նշելով, որ Թուրքիան ամրապնդում է հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ՝ Չավուշօղլուն խոսել է նաև արևելք-արևմուտք միջին միջանցքի հարցում եռակողմ և քառակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան կամ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան մեխանիզմների մասին, որոնցում ներգրավված է նաև Վրաստանը։

«Հուսով եմ՝ Հայաստանն էլ կներգրավվի այս գործընթացում։ Այսինքն խաղաղության ճանապարհին անկեղծ քայլեր կանի։ Վերջերս, ցավոք, բանակցությունների ուղղությամբ հետքայլեր նկատեցինք։ Այսօր Բլինքենն ասաց, որ Փաշինյանն անկեղծ է, սակայն դա ցանկանում ենք տեսնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,- նշել է Չավուշօղլուն՝ վերահաստատելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա։

Չավուշօղլուն և Բլինքենը Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։

Դրանում նշված է․ «Երկու նախարարները համաձայնության են եկել մեծացնել համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության առաջ մղման ուղղությամբ»։

Չավուշօղլուն նախարարական ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել և հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Կովկասի, Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացների մասին։

Հունվարի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ հրավեր է ստացել Թուրքիայից և, հավանաբար, կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Կարևորելով երկկողմ շփումները՝ նախարարն ասել է, որ տևական ժամանակ է, ինչ երկու երկրների ներկայացուցիչները չեն հանդիպել, հանդիպումները տեղափոխվել են փորձագիտական մակարդակ։