ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որևէ կապ չունի Ազատ գյուղի վաշտի կացարանում հրդեհի հետ, որի պատճառով 15 զինծառայող է մահացել։ Այս մասին Սիմոնյանն ասել է լրագրողների հետ զրույցում, գրում է Sputnik Արմենիան։
Դեպքից հետո սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր պահանջում էին կառավարության, հատկապես՝ Պապիկյանի հրաժարականը։
«Պաշտպանության նախարարն այս ամենի հետ չի կարող որևէ կապ ունենալ, որովհետև գործառույթի մասով ինքն ամբողջությամբ արել է իր աշխատանքը։ Պաշտպանության նախարարի վերաբերյալ քաղաքական այդ սակարկումները սին եմ համարում և անտեղի։ Կարևոր է այն, որ պատերազմից հետո պարոն Պապիկյանն իր վրա պատասախանատվություն է վերցրել բանակն այդ վիճակում վերցնել ու բարեփոխումներ սկսել»,– նշել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` Պապիկյանը բարեփոխումներ է իրականացնում` սկսած անձնակազմում փոփոխություններից, վերջացրած կահավորումից։ ԱԺ նախագահն ընդգծել է, որ դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում են ներմուծելու ՀՀ։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։
Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։