30 հունվարի 2023 - 17:05 AMT
Նախարար․ Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարզպետարաններում կլինեն կառուցվածքային փոփոխություններ:

Նախարարը մարզպետարանում ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին։

Սանոսյանը նշել է, որ Շիրակի մարզպետարանի կառուցվածքի և հաստիքների փոփոխության գործընթացը սկսվել է դեռևս 2019 թվականից, գրում է «Փաստինֆոն»։

«Չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել, նաև դա կապել ենք համայնքների խոշորացման հետ: Համայնքները խոշորացրինք, նոր մարզպետարանի կառուցվածքը փոխում ենք, որ ցավոտ չլինի»,- ասել է Սանոսյանը՝ նշելով, որ մարզերի իշխանությունները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է, ուստի հաստիքները հիմնականում թափուր են մնացել:

«Տեղեր կան, որ ոչ ոք չի ազատվում, տեղեր կան, որ 3-4 հոգի է ազատվելու: Այնպես է արվել, որ որևէ կադրային ջարդ չլինի»,-վստահեցրել է նա:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և ազատվել է պաշտոնից։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2021-ի նոյեմբերին։ Բաղդասարյանի հրաժարականից հետո ազատման դիմում է ներկայացրել փոխմարզպետ Կարեն Մանուկյանը, ինչպես նաև նրա խորհրդականներն ու օգնականները, որոնք հայեցողական պաշտոններ են զբաղեցնում։