31 հունվարի 2023 - 18:09 AMT
Դավիթ Գալստյանը կալանավորվել է

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը հաստատել են դատարանից, հայտնում է «Փաստինֆոն»։

Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր հունվարի 30-ին՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե կոնկրետ որ գործի շրջանակներում է ձերբակալվել Գալստյանը և ինչ մեղադրանքով, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խոսքը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող գործի մասին է, որով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել Օհանյանի նկատմամբ։

Դավիթ Գալստյանի վերաբերյալ սա առաջին գործը չէ։ Գործերից մեկը՝ Դավիթ Գալստյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈւ ԳՇ նախկին պետի և այլ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ՝ արդեն դատարանում է՝ ապացույցների հետազոտման փուլում։ Այս գործով Գալստյանը տևական ժամանակ գտնվել է կալանքի տակ, ապա՝ ազատ արձակվել 2022–ի մարտին 50 մլն դրամ գրավի դիմաց։։ Նրան առնչվող ևս մեկ գործ քննվում էր ԱԱԾ-ում։