2 փետրվարի 2023 - 12:11 AMT
Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական։

«ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ խաղաղ համաձայնագրի, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը: Բոնոն երկկողմ հիմքի վրա կփոխգործակցի համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու նպատակով»,-պարզաբանել է Բլինքենը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պետքարտուղարի խոսքով, Բոնոյի նշանակումը «հաստատում է նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորությունն ԱՄՆ համար»։

Նախկինում Բոնոն եղել է ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ի և ՄԱԿ-ի կազմակերպություններում, ինչպես նաև զբաղեցրել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսական և բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականի պաշտոնները:

Ֆիլիպ Ռիքերն ազատվել էր Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականի պաշտոնից 2023-ի հունվարին։