Համահայկական ամառային ութերորդ խաղերը կանցկացվեն օգոստոսին, բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի ընդլայնված կազմով առաջին նիստը:
Խաղերի փակման արարողությունը նախատեսվում է անցկացնել Երևանում: 17 մարզաձևի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման ժամանակացույցն ու առաջիկա ծրագրերը:
Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված աշխատանքը և այդ առումով ընդգծել յուրաքանչյուր կառույցի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Համահայկական խաղերը սպորտային իրադարձություն է, որն անցկացվում է չորս տարին մեկ։ Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։
Համահայկական խաղերը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ունեն հայկական անձնագիր (անկախ ազգությունից) և այլ երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ունեն հայկական ծագում։ Համահայկական Առաջին խաղերն անցկացվել են 1999 թվականին։