ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կողջունի Երևանի, Բաքվի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը, եթե այն չենթարկվի Արևմուտքի ապակառուցողական ազդեցությանը։
«Եթե Բաքվի, Երևանի և Թբիլիսիի եռակողմ երկխոսությունը նպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել։ Իսկ եթե այս նախաձեռնության հետևում ինչ-որ կերպ երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա այլ պատմություն է», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար և առաջարկում է Թբիլիսին որպես բանակցությունների հարթակ։
2022-ի հուլիսին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը։ Վրաստանի միջնորդությամբ 2021-ի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերու, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ։