11 փետրվարի 2023 - 16:33 AMT
Սիրիայում ՀՀ հյուպատոսության խորհրդականն այցելել է հայ համայնքային կենտրոններում ապաստանածներին

Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է Հալեպի հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

Ավելի վաղ Բադալյանը նաև այցելել էր Ալ-Շաար շրջան, որտեղ որոնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանից ժամանած փրկարարների խումբը։ Նա զրուցել էր Իրանի փրկարարական խմբի գլխավոր համակարգողի հետ, ով բարձր էր գնահատել հայ մասնագետների հետ համագործակցությունը` արժևորելով նրանց մասնագիտական բարձր որակները։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։