21 փետրվարի 2023 - 17:58 AMT
Փաստաբանների ծեծին մասնակցած ոստիկաններն ազատվել են պաշտոններից

Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած ոստիկաններն ազատվել են պաշտոններից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Ուրախ եմ, որ Ներքին գործերի նախարարությունը կառուցողական և արդար կեցվածք է դրսևորել: Փաստաբանը պետք է պաշտպանված լինի ցանկացած միջավայրում, առավել ևս ոստիկանության բաժիններում:

Փաստաբաններով ուշադրության կենտրոնում ենք պահելու այս խնդրով հերթական զարգացումները, այդ թվում՝ քրեական գործի ընթացքը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ փաստաբանները Ներքին գործերի նախարարությունից պահանջել էին անհապաղ դադարեցնել փաստաբանների ծեծի մասնակից ոստիկանների լիազորությունները։ Փետրվարի 10–ին Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարել էր, որ ոստիկանները Էրեբունու բաժնում փետրվարի 9–ին ծեծել են անչափահաս պաշտպանյալի շահերը ներկայացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին։

Ավելի ուշ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ ասվում էր, որ օպերլիազորներն են բռնության ենթարկվել, ոչ թե փաստաբանները։