21 ապրիլի 2009 - 23:48 AMT
ՄԱԿ-ի ռասիզմին նվիրված խորհրդաժողովում նախապես ընդունվել է համաժողովի եզրափակիչ հայտարարությունը
Ապրիլի 21-ին Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի շուրջ խորհրդաժողովը ժամանակից շուտ ընդունեց համաժողովի եզրափակիչ հայտարարությունը: Փաստաթուղթը հավանություն է ստացել պարզեցված կարգով, առանց քվեարկության: Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի խնդրին նվիրված խորհրդաժողովի փակումից 3 օր առաջ, ապրիլի 21-ին անակնկալ կերպով եւ առանց քվեարկության ընդունվել է հանդիպման եզրափակիչ հայտարարությունը: Ինչպես լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը, երկրներից եւ ոչ մեկը դեմ չի արտահայտվել այս փաստաթղթին:

dpa լրատվական ծառայությունն այս առնչությամբ ենթադրել է, որ եզրափակիչ հայտարարությունն ընդունվել է այն մտավախությունների պատճառով, որ փաստաթղթում հետագա բանավեճերի արդյունքում կարող են փոփոխություններ կատարվել: Մասնավորապես, Լիբիան ցանկանում էր լրացում կատարել պաղեստինյան հարցի վերաբերյալ, հաղորդում է dpa-ն:

ՄԱԿ-ի Ժնեւի խորհրդաժողովը կտեւի մինչեւ ուրբաթ: Գերմանիան, ԱՄՆ-ն ու մի շարք այլ պետություններ հրաժարվել են մասնակցել համաժողովին, մտավախություն ունենալով, որ այն կարող է օգտագործվել Իսրայելի դեմ «հարձակումների» համար: Սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի բոյկոտը: