Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Թեհրանում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի՝ մարտի 11-ին իրականացրած թռիչքը սովորական երևույթ է։
«Իրանի սահմանամերձ շրջանների դիտարկման ընթացքում մեր երկրի տարածքում նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են։ Նախկինում նման թռիչքներ ևս եղել են, և դրանում որևէ արտասովոր երևույթ չկա», - հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է «Ազատությունը» Fars գործակալության վրա հղումով։
«Ադրբեջանի հետ մենք հարաբերություններ ունենք նաև պաշտպանական ոլորտում, մեր դեսպանատունն այնտեղ ակտիվորեն աշխատում է, մենք այնտեղ ռազմական կցորդ ունենք։ Կարելի էր դիմել Իրանի դեսպանատուն՝ կցորդին, և տեղի կունենար մտքերի փոխանակություն, թյուրիմացությունից հնարավոր կլիներ խուսափել», - նշել է Քանանին։
Նա ընդգծել է. «Ադրբեջանական կառավարության կողմից Իրանի դեսպանի հրավիրումը ԱԳՆ մենք չենք կարող բարի նպատակներ հետապնդող քայլ որակել»։
Բաքվում Իրանի դեսպան Սայեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի ԱԳՆ էր հրավիրվել մարտի 11-ին, այն բանից հետո, երբ իրանական ռազմական օդանավը ընդհուպ մոտեցել էր Ադրբեջանի սահմանին։