15 մարտի 2023 - 12:51 AMT
Գերմանիայի կանցլերը՝ Ալիևին․ Մեզ համար կարևոր է, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ կարևոր է, որ բազմամյա հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի։

Նա ասել է, որ Գերմանիային մտահոգում է անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

«Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը տեղում երկարաժամկետ և կայուն հանգուցալուծում ստանա մոտակա ժամանակաշրջանում։ Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ մենք նկատի ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը։ Միևնույն ժամանակ երկու երկրների բնակչության իրավունքներն ու ազատությունները պետք է պաշտպանված լինեն ըստ միջազգային իրավունքի։ Գերմանիան պատրաստ է աջակցել այդ հարցում»,- ասել է Շոլցը։

Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։

«Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։

Photo. Reuters