20 մարտի 2023 - 18:25 AMT
Լավրովը՝ Լաչինի մասին․ Եռակողմ հայտարարությունները պետք է իրագործվեն ամբողջ ծավալով՝ առանց իմպրովիզների

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին, հայտարարել է, որ ՌԴ-ն հանդես է գալիս բոլոր եռակողմ հայտարարություններն ամբողջ ծավալով իրագործելու օգտին և Լաչինի թեման պետք է դիտարկել խստիվ այդ համատեքստում։

«Մենք կողմ ենք, որ խստորեն, ամբողջ ծավալով, առանց իմպրովիզների, կատարվեն բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի միջև։ Նախևառաջ, այն պայմանավորվածությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը։ Եվ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկվի բացառապես այդ համատեքստում»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նաև հույս է հայտնել, որ հակամարտության կողմերն ընկալում են Լաչինի միջանցքի շուրջ խնդրին առնչվող բոլոր պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

«Այնտեղ յուրաքանչյուր կողմ իր պարտավորություն ունի»,- հավելել է Լավրովը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

Photo. Getty Images