Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով Նորավանում ու Հացավանում հաղթել է ՀՀԿ-ն։
ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 26-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։
Նորավանի 311 ընտրողից մասնակցել է 192-ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 101 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 76, գրում է «Առավոտը»։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 15 քվե։
Հացավանում 193 ընտրողից մասնակցել է 123 ընտրող։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 85,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 37,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 1։
Հացավանը ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Ջիվան Մարգարյանի հայրենի գյուղն է։
Ընդհանուր առմամբ, սակայն, այս պահին նախնական տվյալներով հաղթում է կառավարող ուժը։
Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11,356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15,918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21,226 անձ։