28 մարտի 2023 - 11:45 AMT
ԱԺ ընդդիմադիրները ՄԻՊ պաշտոնում կառաջադրեն Էդգար Ղազարյանին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար և Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի թեկնածությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։ Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրելու է Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։