23 ապրիլի 2009 - 19:18 AMT
«Դաշնակցությունը» դատապարտում է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը
ՀՅ «Դաշնակցության» տարածած փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել միայն Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները վերականգնելու դեպքում: Մերձեցման առաջին քայլերից պետք է լինի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացնելը եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելը: «Այդ սկզբունքների կողմնակիցը լինելով` մենք անընդունելի եւ քննադատության արժանի ենք համարում ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ ստորագրված հայտարարությունը»,- ասվում է հաղորդագրությունում: Արտահայտելով իր անհանգստությունը` կապված բանակցային գործընթացում բացասական միտումների հետ, որոնք Հայաստանի ներքաղաքական ընթացքը փոփոխությունների են ենթարկում, «Դաշնակցության» կուսակցական ղեկավարությունը մոտ ժամանակներս կքննարկի կոալիցիայում իր մասնակցության նպատակահարմարությունը: