13 ապրիլի 2023 - 18:07 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին ապրիլի 12-ին Բաքու կատարած այցի ընթացքում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը: Օսմանին այդ մասին հայտարարել է Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցում:

Նա նշել է, որ դեռ հունվարին ԵԱՀԿ նախագահի պաշտոնում իր առաջին գործողությունը եղել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ իր հեռախոսազրույցը՝ Լաչինի միջանցքի հետ կապված: Այնուհետև Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հանդիպում է կազմակերպվել, հրավիրել են նաև ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին՝ Լաչինի միջանցքի հետ կապված՝ հայկական կողմի տեսակետը ներկայացնելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։

«Այս հարցը, մի շարք մարդասիրական խնդիրներ բարձրացրեցի երեկ Բաքվում: Եվ այսօր այդ հարցերը բարձրացնելու եմ նաև այստեղ՝ հասկանալու, թե արդյոք կա այս երկու երկրների միջև կամուրջների կառուցման հնարավորություն: Սա է մշտական խաղաղություն ապահովելու մեր նպատակը՝ որպես ԵԱՀԿ, որպես երկրների միջև մշտական երկխոսության հարթակ»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Նա ընդգծել է, որ իրենք ներգրավված եղել են և շարունակելու են լինել, կազմակերպության համար կարևոր է կենտրոնանալ ժողովրդի կարիքների վրա հենց տեղում, մասնավորապես, մարդասիրական թեմաներով:

Այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ: Օսմանիի այցը տարածաշրջանային է, մինչ ՀՀ ժամանելը նա եղել է Ադրբեջանում, հանդիպել այդ երկրի պաշտոնյաների հետ։