Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը: Դրա իրականացման արդյունքում ՀՀ-ում կներդվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց, ինչը թույլ կտա վերականգնել խեցգետնի արտահանումը։
Ծրագրով նախատեսվում է հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիր (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կկազմի 897 մլն դրամ։
Արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, ինչը թույլ կտա տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ներկայացնելով ծրագիրը, հիշեցրել է, որ ժամանակին ՀՀ-ում տարեկան մոտ 3000 տոննա խեցգետնի որս էր իրականացվում, որից մոտ 2000 տոննան արտահանվում էր։
«Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը (առավելապես Սևանա լճից) հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,–ասել է նա։
Ծրագրի շրջանակում պետական աջակցությունը կտրամադրվի 2024-ից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով: