21 ապրիլի 2023 - 18:19 AMT
Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի

Հայաստանում աշխատում են Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Էլեկտրոնային բազայի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է, որի գլխավոր նպատակն է ի մի բերել Ցեղասպանությունը վերապրածների անունները և յուրաքանչյուր զոհի անունը՝ կենսագրական տվյալներով»,-ասել է Մարությանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է պետական աջակցությամբ։ Համապատասխան գրավոր երաշխիքները թանգարանի ղեկավարությունը ստացել է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Թանգարան-ինստիտուտը դիմել է Գիտության պետական կոմիտե՝ հետագա քայլերի համար: Մարությանը նշել է, որ այս գործընթացը կարող է 10-15 տարի տևել:

Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ: