22 ապրիլի 2023 - 10:25 AMT
Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։

Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 164 կգ, 167 կգ, 170 կգ: Այս վարժությունում նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 200 կգ, 205 կգ՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր, հայտնում է Panorama.am-ը։

Արա Աղանյանը պոկում վարժությունում բարձրացրել է 165 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում բարձրացրել է 199 կգ՝ դառնալով փոքր արծաթե մեդալակիր։

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը ընդունում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է 500-ից ավելի մարզիկ մոտ 40 երկրից: