24 ապրիլի 2023 - 19:30 AMT
Պեսկովը` ադրբեջանական անցակետի մասին․ Իրավիճակը լրացուցիչ ջանքեր է պահանջում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, ասել է, որ իրավիճակը, իրոք, դյուրին չէ և լրացուցիչ ջանքեր է պահանջում։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ՝ ՌԴ-ն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ, գրում է Interfax-ը։

«Մենք շարունակում ենք շփումները։ Իրավիճակը, իրոք, դյուրին չէ, լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ պահանջում է, որ երկրները հասկանան նշված համաձայնագրերի իրականացման այլընտրանքի բացակայությունը»,- ասել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

Photo. Reuters