25 ապրիլի 2023 - 15:33 AMT
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Բաքվի գործողությունները ԼՂ հայությանը վերացնելուն ուղղված քայլեր են

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 24-ին կազմակերպության Անվտանգության խորհրդում ելույթում, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայությանն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու նպատակուղղված քայլեր են։ Նա համոզմունք է հայտնել, որ էթնիկ ու ազգային հողի վրա իրականացվող Ադրբեջանի ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և նման հանցագործություններ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ներառյալ` միջազգային քրեական արդարադատության միջոցով։

Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը և մի շարք ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։

Անդրադառնալով հայ ժողովրդի համար ապրիլի 24-ի խորհրդին, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության փաստը վկայում է նաև, որ ամուր բազմակողմ կառույցների բացակայության և միջազգային կանոնակարգի ճգնաժամի պայմաններում կարող են տեղի ունենալ ամենասարսափելի ոճրագործությունները։

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները և միջազգային իրավունքի ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումները՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ, նախորդ տարվա դեկտեմբերից սկսած, Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հրաժարվում է իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճիռը։

Նշվել է, որ Լաչինի միջանցքով ազատ և անարգել տեղաշարժը ոչ միայն չի վերականգնվում արդեն չորս ամիս, այլ նաև ապրիլի 23-ից Ադրբեջանը տեղադրել է անցակետ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կոպիտ խախտումով։

Նշելով, որ ՄԱԿ կառույցները, այդ թվում` Անվտանգության խորհուրդը, քանիցս զգուշացվել են, որ Լեռնային Ղարաբաղում ահագնացող ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի՝ դեսպան Մարգարյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։