ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը «պատկանում է Ռուսաստանին», այնտեղ են տեղակայված ռուս խաղաղապահները։
Այն ճշգրտող հարցին, թե պատկանո՞ւմ է ՌԴ-ին, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանել է, որ «պատկանում է», քանի որ եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ «Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին»։
«Այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է ԱԽ քարտուղարը։
«Այս գործողությունների միակ նպատակը միանշանակ էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում, որոշ չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ ՌԴ-ն պետք է գործի»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ պատասխանատվությունը թղթով ամրագրված է։
Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։
Նա նշել է, որ Հակարիի կամուրջի ձախ կողմում, որտեղ Ադրբեջանն անցակետ է տեղադրել, գտնվում է հենց ՌԴ-ի ռազմաբազան, որի դիմաց տեղի է ունենում նման իրադարձություն։
«Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է սա տեղի ունենում։ Ադրբեջանն այնքա՞ն է հասել, որ կարողանում է այդպիսի քայլեր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ։ Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»,-ասել է նա։
Գրիգորյանն ասել է, որ 2020-ին ռուս խաղաղապահներն անվտանգության երաշխիքներ են տվել ԼՂ բնակչությանը և մարդիկ վերադարձել են Արցախ՝ հավատալով այդ երաշխիքներին։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։