Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, հայտնում է Interfax.az-ը։
«Հարցը լուծելու միակ միջոցը խաղաղ բանակցություններն են։ Մենք կցանկանայինք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հավատարիմ լինեն դրան։ Ֆրանսիան ողջունում է ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի նախաձեռնությունը։ Ադրբեջանն ու ՀՀ-ն պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։
Կոլոնան հավելել է, որ հարկավոր է կանխել կողմերի միջև բախումները՝ հավելելով, որ Փարիզը կողջունի խաղաղ բանակցությունները ցանկացած հարթակում։
Նա նաև հորդորել է Բաքվին ու Երևանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից։
«Այդ բոլոր հարցերը պետք է քննարկել ընդհանուր համատեքստում, չի կարելի առանձին դիտարկել։ Հուսով եմ, որ շուտով կլսեմ հարաբերությունների կարգավորման մասին»,-ասել է Կոլոնան։
Նա նաև հրավիրել է Բայրամովին Փարիզ։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։