Ադրբեջանական Turan գործակալությունն ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրներին հղումով գրել է, որ Վաշինգտոնում կայանալիք ԼՂ շուրջ բանակցություններում ՀՀ-ն և Ադրբեջանը փորձելու են հաղթահարել տարաձայնություններն ու «ճանապարհային քարտեզ» մշակել։
Ակնկալվում է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ԱՄՆ-ում կլինեն մայիսի 1-ին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով։ Նշվում է, որ նախարարների հանդիպումը կարող է մի քանի օր տևել։
«Դիվանագիտական աղբյուրներն ասում են, որ եթե Վաշինգտոնում կողմերին հաջողվի խաղաղության ճանապարհային քարտեզ մշակել, ապա Եվրոպան «ավարտին կհասցնի աշխատանքը»՝ մի քանի շաբաթվա ընթացքում ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին խաղաղության պայմանագիր կնքելու համար»,-ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: