3 մայիսի 2023 - 19:10 AMT
Վարդապետյանը՝ 2 կալանավորված ադրբեջանցու մասին․ Մինչդատական վարույթում արտահանձնում չի լինում

Սյունիք ներխուժած և այժմ կալանավորված ադրբեջանցի երկու զինծառայողին այս փուլում չեն արտահանձնի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մինչդատական վարույթում արտահանձնում չի լինում, կարող է լինել միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում, հայտնում է «Փաստինֆոն»։

«Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով։ Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են»,- նշել է նա։

Վարդապետյանը դժվարացել է պատասխանել հարցին, թե գերիների վերադարձի պայման դա կարող է լինել՝ նշելով, որ ինքը հարցի հասցեատերը չէ։

Վարդապետյանը նաև հայտնել է, որ ադրբեջանցի երկու զինծառայողներից մեկի վերաբերյալ վարույթն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, մյուսով, որին մեղսագրվում է սպանությունը՝ ծանրացուցիչ հանգամանքներով, դեռևս նախաքննությունը շարունակվում է։

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին հայտնաբերել և ձերբակալել են ավելի ուշ։ Վերջինս մեղադրվում է ԶՊՄԿ պահնորդի սպանության մեջ։