15 մայիսի 2023 - 18:37 AMT
Արայիկ Հարությունյանն «ընդառաջ քայլ» կանի Սամվել Բաբայանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձագանքել է Արցախի Ազգային ժողովի նախագահի կողմից իրեն փոխանցված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հայտարարել է, որ որոշել է ընդառաջ քայլ անել։

«Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ կատարել: Ուստի, հավաքի ներկայացուցիչներին առաջարկել եմ վաղվանից սկսել քննարկումներ ու խորհրդակցություններ նրանց կողմից ներկայացված առաջարկների ու ծրագրերի շուրջ:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:

Միաժամանակ ընդգծում եմ, որ հատկապես այս ճգնաժամային պայմաններում մենք պարտավոր ենք ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն և պատասխանատվություն՝ առաջնորդվելով բացառապես Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի շահերով»,-ասվում է գրառման մեջ։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրած ԱՀ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանրահավաքում պահանջել են Արցախի նախագահից Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար։ Բեմ է հրավիրվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը հայտնել է որ ուղերձը կփոխանցի նախագահին և երկրում սկսելու են քաղաքական կոնսուլտացիաները և դիտարկելու են բոլոր առաջարկները։ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իրենց պատասխանը պետք է երկու ժամից, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքը: