17 մայիսի 2023 - 14:11 AMT
Դավիթ Գալստյանը կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ, զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է։

Նա կալանքի տակ կմնա ևս 1 ամիս, հայտնում է Aysor.am-ը։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին։

ԱԱԾ-Ն Դավիթ Գալստյանին կրկին կալանավորել էր հունվարին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում:

2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։ 2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։