18 մայիսի 2023 - 16:41 AMT
Արցախում համաներում կհայտարարվի․ ԱԺ-ն ընդունել է նախագիծն 1-ին ընթերցմամբ

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը: 133 արցախցի կազատվի պատժի կրումից։ Համաներումը չի տարածվելու պետական դավաճանության դեպքերի վրա, հայտնում է «Առավոտը»։

Նախագծով առաջարկվում է մինչև 2023-ի ապրիլի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ հանցագործություն կատարած որոշ անձանց նկատմամբ հայտարարել համաներում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ չափով մեղմացնելու հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում, 20 դատապարտված անձանցից ազատ կարձակվի 5-ը, 18 կալանավորված անձանցից՝ 2-ը, հաշվառման մեջ գտնվող 277 անձանցից 126-ը: Ընթացիկ քրեական գործերով հնարավոր չի եղել հաշվարկներ կատարել: Երկրորդ ընթերցումը նախատեսված է մայիսի 18-ի 17.00-ին: