18 մայիսի 2023 - 17:43 AMT
Կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը երկարաձգել է 5 տարով

Կառավարությունը 5 տարով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վարձակալության պայմանագիրը` մինչև 2028-ի օգոստոսի 13-ը, հայտնում է Sputnik Արմենիան։

Որոշումն ընդունվել է գործադրի այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Որոշման նախագծում ասվում է, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 13.08.2008թ.-ին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով նշված տարածքը և 17,586,280 ՀՀ դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 13.08.2023թ. ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել պաշտոնաթող նախագահին։

Բացի այդ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով Պետական գույքի կառավարման կոմիտեին է հատկացվել 2 մլն դրամ։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը «Էրեբունի Պլազայի» 6-րդ հարկից 374.1 քառ.մետր մակերեսով տարածքում գործում է 2008թ–ի օգոստոսի 14-ից, և վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է ս.թ օգոստոսի 13-ին։

Պաշտոնաթող նախագահների գրասենյակների վարձակալության ծախսերը կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.3 հոդվածով, որով առաջնորդվելով էլ ՀՀ կառավարությունը «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ժամկետը որոշել է երկարաձգել ևս 5 տարով: